Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետն ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ստացել է 2,171,462.49 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀԱՀ-ում լրագրության մագիստրոսական ծրագիր և լրագրության գերազանցության կենտրոն հիմնելու համար։ Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն ՀԱՀ-ի և Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի միջև՝ նպաստելու Հայաստանում լրագրողական կրթության և պրակտիկայի որակի ու բովանդակության շարունակական բարելավմանը։