Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին որոշումը կարող է «ազդել պատմության ընթացքի վրա» և չի ծառայում խաղաղության և միջկրոնական ներդաշնակության ամրապնդմանը, հայտնել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխղեկավար Նիկոլայ Բալաշովը, գրում է ria.ru-ն։
«Էրդողանը չունի պետական իմաստնություն։ Այդ արարքը չի բխում իր սեփական ժողովրդի շահերից», - ֆեյսբուքյան գրառում է կատարել Բալաշովը։
«Ցավալի է, որ Թուրքիայի նախագահի գիտակցության մեջ այսրոպեական քաղաքական հաջողության շահերը վեր են պետական իմաստնությունից։ Նախաձեռնվել է խորհրդանշական նշանակության քայլ, որը կարող է ազդել պատմության ընթացքի վրա։ Եվ շատ ցավալի է, որ այդ քայլն ուղղված չէ խաղաղության ամրապնդմանը, միջկրոնական ներդաշնակությանը, փոխըմբռնման բարելավմանը, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև»,-հավելել է Բալաշովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) ուրբաթ չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: