Թուրքիայի բանտից փախուստի դիմած և Հունաստանում ապաստան ստացած ստամբուլահայ հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանի խոսքով՝ ինքը իրականում բանտից չի փախել, փախել է Թուրքիայից, որը շատ թե քիչ նույն բանն է, որովհետև հիմա Թուրքիան դարձել է «մեգա-բանտ»:
Նա Tert.am-ի հետ զրույցում պատմեց՝ հիմա հունական մի հին գյուղում գնելով ավերված տներ՝ հույս ունի դրանք վերածել ամառային ակադեմիայի՝ Թուրքիայի և աշխարհի այլ հատվածներից այնտեղ այցելողների համար:
-Պարո՛ն Նիշանյան, Դուք արդեն յոթ ամիս է ազատության մեջ եք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք: Ինչո՞վ եք հիմա զբաղված:
- Ես ապրում եմ Սամոսում՝ Էգեյան ծովի մի գեղեցիկ կղզում: Միշտ էլ երազել եմ այս տարիքում այս կղզում տուն ձեռք բերելու մասին և շատ շնորհակալ եմ, որ հանգամանքները բերեցին ինձ այստեղ՝ անգամ չնախատեսված ճանապարհով: Հիմա մի հին գյուղում գնել եմ մի քանի տուն՝ հույս ունենալով դրանք վերածել ամառային ակադեմիայի՝ Թուրքիայից և աշխարհի այլ հատվածներից այստեղ այցելողների համար:
- Բանտից փախչելուց հետո Դուք ասել էիք, որ երբ ժամանակը գա՝ կպատմեք մանրամասներ, թե ինչպես փախաք: Գուցե հիմա՞ է ժամանակը:
-Ես իրականում բանտից չեմ փախել: Ես փախել եմ Թուրքիայից, որը շատ թե քիչ նույն բանն է, որովհետև հիմա Թուրքիան դարձել է «մեգա-բանտ»: Անասելի թվով մարդիկ համառ պայքար են տանում այդ ամենից փախչելու համար, քանի դեռ չեն ընկել բռնապետության ճիրանները, կամ էլ քանի երկիրը չի մխրճվել խորը քաոսի մեջ:
Ես դուրս պրծա՝ ռիսկի ենթարկելով ինձ, ինչպես նաև ընկերներիս, որոնք անձնական զոհողությունների էին դիմել՝ օգնելու ինձ կտրել ծովը: Չափից շատ մանրամասներ հայտնելը կարող է նրանց անհարկի անհարմարություն պատճառել:
-Պարո՛ն Նիշանյան, այդ ժամանակ Դուք նաև գրել էիք․ «Թռչունը թռավ: Մնացածը ցանկանում եմ մնացած 80 միլիոնին»: Միևնույն ժամանակ Դուք լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էիք, որ մի օր վերադառնալու եք Թուրքիա: Ինչպիսի՞ Թուրքիա կցանկանաք վերադառնալ և ի՞նչ կարծիք ունեք այսօրվա Թուրքիայի վերաբերյալ:
-Տարիներ ի վեր, ես ինչպես Թուրքիայում ապրող շատ առաջադեմ ընկերներ, փորձում էի պահպանել և նպաստել, դժբախտաբար, չարաշահված երկրի ապագային: Ես, ցավոք, պետք է ասեմ, որ այլևս հնարավոր չէ նույնքան լավատես լինել: Ապագան, թվում է՝ դժգույն է լինելու: Քիչ հույսեր կան, որ կկարողանամ կյանքումս վերադառնալ այնտեղ:
Գործոնների համադրությունը՝ ցնցող շովինիստական կրթական համակարգը, չափազանց անգրագետ և բարոյապես սնանկացած հանրային ծառայությունը, մարգինալացված մշակութային էլիտան, երկիրը դարձրել են բռնի, ապակառուցողական մի տեղ: Մեկ հույս ունեմ, որ երկուսն էլ՝ թուրք ազգը և նրա հարևանները դուրս կգան այս ճգնաժամից հնարավորինս անվնաս:
-Մի անգամ ասել էիք, որ եթե լինեիք Կարո Փայլանի տեղում, Դուք Թուրքիան միանգամից կլքեիք: Ձեր կարծիքով՝ կա՞ մեկը կամ ինչ-որ բան, որ կարող էր օգնել Ձեզ կամ կօգնի Կարո Փայլանին չլքել երկիրը, այլ մնալ, ապրել և պայքարել Թուրքիայի ապագայի համար: Որտեղի՞ց պետք է Թուրքիայում պայքարողները օգնություն ստանան:
-Թուրքիայում միակ քաղաքական շարժումը, որ համեմատաբար չի կրել ազգայնականների խելագարության ազդեցությունը, քրդական շարժումն է: Այն պետք է աջակցություն ստանա բոլոր հասանելի միջոցներով:
Փայլանով պետք է հիանալ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներսում իր ունեցած հանգիստ, բայց խիզախ դիրքորոշման համար:
- Ես ցանկանում եմ նաև իմանալ Ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Դուք գիտեք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել․ Հայաստանը հայտարարել է Թուրքայի հետ արձանագրությունները մինչև գարուն առոչինչ ճանաչելու մասին: Ի՞նչ եք կարծում՝ դա ճի՞շտ պատասխան է Թուրքիայի անպատասխանատու քաղաքականությանը:
-Վախենամ, որ ես այն մարդը չեմ, որ պետք է Հայաստանին խորհուրդ տա իր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ռազմական առումով, ակնհայտ է՝ Հայաստանը միայնակ չի կարող կանգնել իր երկու թուրք հարևանների առջև, այդ իսկ պատճառով նրա անվտանգությունը պետք է ապահովի՝ պահպանելով Ռուսաստանի աջակցությունը: Ես նաև կարծում եմ, որ կարևոր է աշխատել ձեր արևելյան հարևանի հետ՝ անիմաստ թշնամանքը վերացնելու ուղղությամբ,թե ինչպես՝ ես չեմ կարող ասել:
-Ի՞նչ ապագա եք կանխագուշակում հարևան և ոչ բարեկամ երկու երկրների՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին:
-Հույս ունեմ, որ դրանք չափազանց վատը չեն լինի:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Նիշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է:
Նախորդ տարվա հուլիսի 14-ին թվիթերյան իր էջում արված «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» գրառմամբ հայազգի հայտնի լեզվաբանը հայտնեց թուրքական բանտից փախչելու մասին: